Սույն ռազմավարությունը ամրագրում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Հանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող և վերամշակող կազմակերպությունների մասնավորեցումը զգալիորեն սահմանափակել է գյուղատնտեսության ոլորտին պետական անմիջական միջամտությունը:
Այդուհանդերձ, հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները և երկրի պարենային անվտանգության խնդիրների լուծման առաջնահերթությունը, կարևորվում է անցումային ժամանակաշրջանում գյուղատնտեսության պետական աջակցությունը։ Այն առավելապես ուղղված է ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ենթակառուցվածքների, սննդամթերքի անվտանգության և մասնագիտական խորհրդատվության համակարգերի զարգացմանը։
Փաստաթղթում նախանշվում է այդ քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։ Միաժամանակ ռազմավարությամբ սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները և նախընտրելի մասնագիտացումն ու ռացիոնալ տեղաբաշխումը, որոնք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր համայնքի և տնտեսվարող սուբյեկտների համար կարող են լինել առավել նպատակամետ գործունեության ուղենիշ:
Սույն ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը և միտված է գյուղական աղքատության հաղթահարմանը։
ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն(Վերանայված տարբերակ) PDF-780kb
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՂՄԱԳԻՐ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունում ի հայտ եկած դժվարությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտը դրսևորել է հարաբերական կայունություն և 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համախառն արտադրանքի 99.8 %-ը: Ընդ որում բուսաբուծության ճյուղում այդ ցուցանիշը կազմել է 100.2 %, իսկ անասնաբուծությունում` 99.1 %:
2009թ.-ին ագրարային ոլորտի իրավա-օրենսդրական հիմքերի բարելավման նպատակով նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2 օրենք, ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 4 օրենքի և կառավարության 47 որոշման նախագիծ, որից 37-ը ընդունվել է, իսկ մնացածը գտնվում է քննարկման փուլում:
Բուսաբուծություն: Մի շարք մշակաբույսերի, հատկապես խաղողի և պտղի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում։ Դրա հետ մեկտեղ 2008 թվականի իրացման դժվարությունների և ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակի հետ կապված պակասել է հացահատիկի (10.9 %) և կարտոֆիլի (8.4 %) համախառն բերքը։
Հաշվետու տարում աննախադեպ ծավալների է հասել ծիրանի (շուրջ 13.5 հազ. տոննա), խաղողի (3.5 հազ. տոննա), կեռասի (639 տոննա), դեղձի (993 տոննա) և կարտոֆիլի (6.7 հազ. տոննա) արտահանումը։ Նախորդ տարվա համեմատությամբ արտահանման աճը համապատասխանաբար կազմել է՝ 80, 17.9, 177.8, 88.3 և 50.7 տոկոս։
Անասնաբուծություն: Թեև 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տավարի գլխաքանակը նվազել էր 44,3 հազար գլխով, կովերինը` 27,6 հազար գլխով, ոչխարներինը և այծերինը` գրեթե 78,0 հազար գլխով, իսկ խոզերինը` 2 հազարով։ 2009թ. ընթացքում դադարեց անասնագլխաքանակի նվազման միտումը և 2010թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, տավարի գլխաքանակը նախարարության օպերատիվ տվյալներով կավելանա գրեթե հազար գլխով և կկազմի 585,7 հազար գլուխ, այդ թվում կովերինը 283,3 հազար գլուխ: Խոզերի գլխաքանակը կավելանա 700 գլխով և կկազմի 85,5 հազար գլուխ, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը կկազմի 550,0 հազար գլուխ, ինչը դեռևս շուրջ 10 հազար գլխով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Համաձայն օպերատիվ տվյալների, 2009 թ-ին հանրապետությունում արտադրվել է 620 հազար տոննա կաթ, 120,2 հազար տոննա միս (կենդանի զանգվածով) և շուրջ 650 մլն ձու:
Անասնաբուծության ոլորտում վերջին տարիներին ի հայտ են եկել մի շարք հիմնախնդիրներ` բավականին ցածր է կաթի իրացման գինը, որի հետևանքով նվազել է կաթնային տավարաբուծության եկամտաբերությունը: Օպերատիվ տվյալներով անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 2009թ. որոշ չափով պակասել է կուտակված խոտի և ծղոտի ծավալները (40.0 հազ. տոննա խոտ և 20.0 հազ. տոննա ծղոտ):
2007-2009թթ. արտերկրից ներկրվել է 1120 գլուխ տոհմային երինջներ, որից 860 գլուխը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և 260 գլուխը՝ ֆերմերային տնտեսությունների ֆինանսական միջոցներով։
Բավականին բարձր գնով Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվեց շուրջ 120.0 հազ. գլուխ ոչխար: Ի դեպ արտահանվել է բացառապես արու գառներ և խոտանման ենթակա հասակավոր ոչխարներ, որը գլխաքանակի վերարտադրության առումով բացասական հետևանքներ չի ունեցել։ Այս փաստը լուրջ խթան է արտահանման ուղղվածություն ունեցող ոչխարաբուծության ճյուղի զարգացման համար:
Գյուղատնտեսական մթերքների վերամշակում։ Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով զգալիորեն կրճատվել էր գյուղատնտեսական հումքի նկատմամբ ագրովերամշակող կազմակերպությունների պահանջարկը, որը դժվարություններ էր ստեղծում հատկապես խաղողի հումքի մթերման համար։ Սակայն ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ գյուղատնտեսական հումքի մթերումը իրականացվեց ամբողջությամբ։
Ընդհանուր առմամբ մթերվեց ու վերամշակվեց շուրջ 171.3 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող։ Արձանագրվեց խաղողի մթերման միջին գնի որոշակի նվազում (115.4 դրամ՝ նախորդ տարվա 141.6 դրամի դիմաց), մինչդեռ բանջարեղենի որոշ տեսակների միջին գինը բարձրացավ: Մասնավորապես՝ լոլիկի 1կգ-ի գնման միջին գինը կազմեց 34.5 դրամ, նախորդ տարվա 32.4 դրամի դիմաց:
Հաշվետու տարում Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է ՙԱրմպրոդէքսպո-2009՚ իններորդ միջազգային ցուցահանդեսը, որին, բացի հայրենական արտադրողներից, մասնակցեցին Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ագրովերամշակող կազմակերպություններ։
Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին։ Հացահատիկային մշակաբույսերի համար հանրապետության 7 մարզերի 181 բարձր լեռնային համայնքներին ցուցաբերվել է 1577.7 մլն դրամի աջակցություն, որի արդյունքում նշված համայնքներում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը ավելացել է 14.3 տոկոսովկամ 2.5 հազ. հա: Սա այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը կրճատվել է 6.4 հազ. հա-ով։
Գյուղատնտեսության մելիորացիա: Իրականացվել է ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, Վեդի գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան համայնքից Ուրցաձոր համայնքն ընկած հատվածում:
Կատարվել է Հրազդան գետի հունի մաքրում եւ հողաթմբերի ամրացում, Աղստեւ գետի Դիլիջան քաղաքի հատվածի հունի մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ, խորքային հորերի հորատում ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ, Ավշար, Այգեվան համայնքների տարածքներում:
Իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի հունի մաքրում եւ ափապատնեշների կառուցում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն համայնքում խմելու ջրատարի կառուցում:
Գիտակրթական և խորհրդատվական համակարգ։ 2009 թվականին նախարարության համակարգի 7 գիտական կազմակերպություններում կատարվել է աշնանացան ցորենի 600, աշնանացան գարու 535 սորտանմուշների ցանք: Շրջանացվել են սիսեռի 4 և աշնանացան ցորենի 2 սորտեր: Բանջարաբոստանային հիմնական մշակաբույսերի նոր մրցունակ հիբրիդների և սորտերի ստացման նպատակով հետազոտվել է 735 սորտանմուշ։ Աշխատանքներ են տարվել կարտոֆիլի, խաղողի և որոշ դեկորատիվ բույսերի կենսատեխնոլոգիական եղանակով բազմացման, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի նախնիների գենետիկական բանկի համալրման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ 2009թ. գիտական կենտրոնների փորձարարական բազաներում արտադրվել է մոտ 545.7 տոննա աշնանացան ցորեն, այդ թվում` 203.0 տոննա սուպեր էլիտա, էլիտա և 1-ին վերարտադրության սերմացու, բանջարաբոստանային մշակաբույսերի 535.0 հազար հատ սածիլ և 85.5 կգ բանջարեղենի բարձր վերարտադրության սերմացու։
Նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) և Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) կողմից գյուղացիական տնտեսություններում իրականացվել է ՙԱգրարային տեխնոլոգիաների գնահատման՚ 43 ծրագիր: Տեղեկատվության և առաջավոր փորձի տարածման նպատակով տպագրվել են 30 անվանումով շուրջ 20 հազար տպաքանակով խորհրդատվական թերթիկներ, որոնք բաժանվել են ֆերմերային տնտեսություններին:
ՙԱգրո TV՚–ն պատրաստել է 52 հեռուստահաղորդում, որոնք հեռարձակվել են ՙԿենտրոն՚, ՙՀամասփյուռ՚ հեռուստաալիքներով և մարզային 12 ալիքներով: ԳԱՄԿ-երի կողմից 916 համայնքներում իրականացվել են 2340 սեմինարներ, որին մասնակցել են 44.0 հազ. մարդ: Անցկացվել են 42 ցուցադրություններ, եթեր է հեռարձակվել մոտ 104 հեռուստահաղորդում, տպագրվել են թվով 3400 խորհրդատվական թերթիկներ ու գրքույկներ և թողարկվել է ԳԱՄԿ-երի 140 համար թերթ:
Հատուկ ուշադրություն է դարձվել միջնակարգ մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացմանը։
Միջազգային համագործակցություն։ Նախարարությունը ակտիվ գործունեություն է ծավալել արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ գյուղատնտեսության ոլորտի համագործակցության զարգացման առումով։
Տեսչական գործունեություն։ Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրով 12 հիվանդությունների նկատմամբ պատվաստվել և ախտորոշվել են թվով 10.37 մլն պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանի, այդ թվում թռչուն, մեղվաընտանիք:
Կատարվել է կենդանիների հիվանդությունների 1.582 մլն ախտորոշիչ հետազոտություն, կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի 1172 փորձաքննություն:
1157 վաճառքի կետերում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում կատարվել է սննդի անվտանգության պայմանների ստուգում։
Հանրապետություն է ներմուծվել 467.8տ տարբեր տեսակի թունանյութեր, որոնց որակի ստուգման նպատակով կատարվել է նմուշառում և 57 լաբորատոր փորձաքննություն, իսկ թունանյութերի վաճառքով զբաղված խանութներից կատարվել է 600 նմուշառում և լաբորատոր փորձաքննություն:
Իրականացվել է 7298 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան զննում, ինչպես նաև տեխնիկայի գրանցման, տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի տրամադրման և այլ աշխատանքներ:
Անտառային տնտեսություն: 770 հա տարածքի վրա իրականացվել է անտառմշակույթների լրացում, 436 հա անտառապատում և 4958 հա անտառածածկ տարածքների վրա՝ ավիաքիմիական պայքարի աշխատանքներ: Խստացվել է անտառի պահպանությունը և նկատելիորեն կրճատվել ապօրինի հատումները։
Գյուղատնտեսական վարկային ծրագրեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2 վարկային ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կազմակերպություններին տրամադրվել է 3851.7 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկեր։ Հանրապետության 123 համայնքներում ցուցաբերվել է ենթակառուցվածքների զարգացման և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման աջակցություն։
Ընդհանուր առմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2009թ. գործունեությունը նպատակաուղղված է եղել ոլորտի գերակա ուղղություններին համապատասխան աշխատանքների իրականացմանը, ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը և համակարգում բարեփոխումների խորացմանը։
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Մուտքագրված է 20.01.2010 PDF-206kb)