Գլխավոր էջ ->   Գյուղատնտեսությունը Հայաստանում Նորություններ
Գյուղատնտեսությունը Հայաստանում

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
       Անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվեցին արմատական բարեփոխումներ, կատարվեցին համակարգային վերափոխումներ և պայմաններ ստեղծվեցին շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսության ձևավորման համար։
        Այս գործընթացները շրջանցեցին նաև ագրոպարենային համակարգը, որը հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և պարենային անվտանգության ապահովման գործում վճռորոշ դեր ունի: Ահա թե ինչու առաջինն այստեղ սկսվեցին տնտեսական բարեփոխումներ, սեփականաշնորհվեցին հողը և արտադրության միջոցները, օրենսդրական հիմքեր ստեղծվեց սեփականության և տնտեսավարման բազմաձևության, գների ազատականացման, բանկային համակարգի և սպասարկող ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ ամենը լուրջ հիմքեր ստեղծեցին գյուղատնտեսության հետագա զարգացման համար:
        Ձեռքբերումներն ավելի ակնառու կլինեին և անցումային շրջանի դժվարություններն ավելի արագ կհաղթահարվեին, եթե չլիներ տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով Հայաստանի տևական շրջափակումը: Դիմակայելով այդ դժվարություններին` Հայաստանը պահպանեց ներքին կայունությունը և ակտիվ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատեց աշխարհի շատ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
        Միաժամանակ, ռազմավարական առումով, Հայաստանի իշխանություններն առավել հակված են խրախուսելու արտաքին ներդրումների և գործարար կապերի զարգացումը, որը հիմնարար նշանակություն ունի երկրի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման, պարենային ապահովության մակարդակի բարձրացման և սննդի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման համար:
        Ագրոպարենային համակարգը այս տարիներին տվել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 35, այդ թվում` գյուղատնտեսությունը՝ մոտ 25 տոկոսը։ Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորված է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգ, որը ներառում է ավելի քան 338 հազար գյուղացիական տնտեսություն: Հանրապետության գյուղատնտեսական արտադրությունում հիմնական հողօգտագործողները գյուղացիական տնտեսություններն են, որոնց սեփականաշնորհվել է վարելահողերի 71.7 %-ը, բազմամյա տնկարկների՝ 78.3%-ը, խոտհարքների՝ 48.4 %-ը։
        Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 98 տոկոսը արտադրվում է մասնավոր հատվածի կողմից։ Գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում զբաղվածների թիվն ընդհանուր զբաղվածների շուրջ կեսն է: Արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում պարենամթերքի ներմուծման և արտահանման ծավալները արժեքային արտահայտությամբ 1/6-ից ավելին են:
        Բնութագրելով ՀՀ ագրոարդյունաբերության ներկայիս վիճակը` կարելի է փաստել, որ վերջին տարիներին նկատելի են բնագավառի զարգացման կայուն միտումներ: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ագրարային ոլորտը շարունակում է մնալ բավականին խոցելի, որը հիմնականում պայմանավորված է հարաբերական սակավահողությամբ, սակավաջրությամբ, հողի մասնավորեցումից հետո ձևավորված տնտեսությունների փոքր չափերով և դրանց մասնատվածությամբ, արտադրական, շուկայական և սոցիալական ենթակառուցվածքների թերզարգացվածությամբ և շուկայական տնտեսության պայմաններին անհամապատասխանությանբ:

ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

        Հայաստանը հարուստ չէ հողային ռեսուրսներով: Երկրի ընդհանուր տարածքի ընդամենը 46,6 տոկոսն է, որ կարելի է օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: Իսկ այդ տարածքի 90 տոկոսը ծովի մակերևույթից ավելի քան 1000 մ բարձրություն ունի:
        Հայաստանն ունի եզակի ուղղաձիգ գոտիականություն, որը հատուկ է լեռնային երկրներին: Երկիրը հայտնի է հողատեսքերի բազմազանությամբ: Հատկապես վերջին 30-40 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել նախկինում անօգտագործելի հողերի մելիորացման և ոռոգման համակարգերի ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության հողային պաշարներն ու դրանց կառուցվածքը ներկայացվում են ստորև (աղյուսակ 2)։
Աղյուսակ 2

Հայաստանի Հանրապետության հողային պաշարներն ու դրանց կառուցվածքը

Հողի տեսակները Զբաղեցրած տարածքը, հազ. հա Կառուցվածքը, %
1. Գյուղատնտեսական ընդհանուր հողերը 1391.8 100
այդ թվում` վարելահողեր 494.3 35.5
բազմամյա տնկարկներ 63.8 4.58
արոտավայրեր 694.0 49.9
խոտհարքներ 138.9 9.98
խոպան հողեր 0.4 0.03
2. Անտառներ 308.0 -

        Գյուղական համայնքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքը տալիս է իր դրական արդյունքները։ Հանրապետության գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների ջանքերով, ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արդյունքում 2006թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 555.9 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա մակարդակը 0.4 տոկոսով։
        Բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 356.2 մլրդ դրամ և զիջել է նախորդ տարվա մակարդակը 44.4 տոկոսով:
        Անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 199.7 մլրդ դրամ և գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 10.4 տոկոսով:

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

        2006 թվականին աշխատանքներ են իրականացվել տնտեսվարող սուբյեկտներին բարձրորակ սերմերի (կարտոֆիլ, հացահատիկ), հանքային պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների մատակարարման և մեքենայական աշխատանքների կազմակերպման աջակցության ուղղությամբ։ Արդյունքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2006 թվականին կազմել են 305.3 հազ. հա` նախորդ տարվա 331.8 հազ. հա-ի դիմաց։
        Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները վերջին տարիներին ունեցել են հետևյալ պատկերը (գծապատկեր 1)։

Գծապատկեր 1

        2006թ. նկատելիորեն ակտիվացել է խաղողի և պտղատու նոր այգիների հիմնումը։ Դա պայմանավորված է խաղողի և պտղի իրացման հիմնախնդրի մեղմացմամբ և ոռոգման համակարգերի զարգացմամբ։ Արդյունքում, 2006թ. հիմնվել են 1248 հա խաղողի և շուրջ 2073 հա պտղատու այգիներ։ Խաղողի և պտղատու այգետարածքների վերաբերյալ տվյալները ներկայացված է գրաֆիկորեն (գծապատկեր 2):

Այգետարածքների ավելացումը 2006թ. պայմանավորված է նաև հաշվառման գործընթացի բարելավմամբ։
Գծապատկեր 2

        2006 թվականին հավաքվել է հացահատիկի և հատիկաընդեղենի 212.5 հազ. տոննա, կարտոֆիլի 539.5 հազ. տոննա, բանջարեղենի՝ 779.9 հազ. տոննա, բոստանի՝ 134.9 հազ. տոննա համախառն բերք, 113.6 հազ. տոննա ծղոտ, կուտակվել է 808.7 հազ. տոննա չոր խոտ, 3.1 հազ. տոննա կերի արմատապտուղ, պատրաստվել՝ 4.0 հազ. տոննա սիլոս: Հավաքվել է 286.1 հազ. տոննա պտուղ և 201.4 հազ. տոննա խաղող: Նախորդ տարվա համեմատ պակաս է ցանվել շուրջ 27.2 հազ. հա հացահատիկ, 1.4 հազ. հա կարտոֆիլ: Նույն ժամանակի համեմատ ավել է ցանվել 270 հա տեխնիկական, 1.8 հազ. հա բանջարեղեն, 100 հա բոստանային մշակաբույսեր և ավել է հավաքվել 116.1 հազ. տոննա բանջարեղեն, 17.1 հազ. տոննա բոստան, 1.2 հազ. տոննա սիլոս և 37.0 հազ. տոննա խաղող: Նախորդ տարվա համեմատ պակաս է արտադրվել 183.7 հազ. տոննա հացահատիկ, 24.7 հազ. տոննա կարտոֆիլ, 19.3 հազ. տոննա ծղոտ, 249.3 հազ. տոննա խոտ, 2.1 հազ. տոննա կերի արմատապտուղ և 29.5 հազ. տոննա պտուղ, որը բացառապես բուսաբուծության համար անբարենպաստ տարվա հետևանք էր (գծապատկեր 3):

Գծապատկեր 3

        Բանջարանոցային մշակաբույսերի մեկ հեկտարի միջին բերքատվությունն ավելացել է 25.0, իսկ խաղողինը՝ 17.1 ց-ով:
        Այս տարի հանրապետությունում հավաքվել է խաղողի և բանջարեղենի բարձր բերք: Դրականն այն է, որ համախառն բերքի ավելացումը նշված մշակաբույսերի համար հիմնականում կատարվել է ոչ թե էքստենսիվ, այլ ինտենսիվ մշակության եղանակով:

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

        Անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները 2006 թվականին ավելացել է. մսինը` 19.3 , կաթինը՝ 4.3, տոկոսով, սակայն ձվի արտադրությունը որոշ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված նվազել է` կազմելով 463.7մլն հատ` նաղորդ տարվա 518.2 մլն հատի դիմաց (գծապատկեր 4): Հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կաթի 25.4 հազ. տոննա հավելաճի մոտ 42.0 տոկոսը ապահովվել է ինտենսիվ գործոնի՝ կաթնատվության ավելացման հաշվին:

Գծապատկեր 4

        Զգալի աշխատանքներ են իրականացվել գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և տոհմային գործի բարելավման բնագավառներում։

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

        Գյուղական ենթակառուցվածքների բարելավումը կառավարությունը դիտարկում է որպես գյուղական աղքատության մեղմացման հիմնական տարր: Ոռոգման համակարգի զարգացումը և համայնքային ճանապարհների բարելավումը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում նաև առաջիկա տարիներին:
        Կառավարությունը աշխատանքներ է իրականացրել գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման եւ բնական աղետների հետևանքների մեղմացման ուղղությամբ: Կարևորվել է հակակարկտային ծառայության վերականգնումը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, եւ այսօր Արագածոտնի մարզում տեղադրված են 15 հակակարկտային կայանքներ:
        2006թ. ընթացքում հանրապետության մարզային սպասարկման ընկերությունների կողմից շարունակվել են արտադրատեխնիկական սպասարկման աշխատանքները:
        Գնահատվել են հողօգտագործման սեզոնայնության հետ կապված գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակը և օգտագործման արդյունավետությունը: Համակարգվել է սպասարկման ԲԲԸ-ին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի տեղաշարժը Արարատյան հարթավայրից լեռնային գոտի և հակառակ ուղղությամբ:
        Կազմակերպվել է դրամաշնորհների միջոցով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մատչելի պայմաններով գյուղացիական տնտեսություններին տրամադրման գործընթացը:
        Շարունակվել է Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված Պաշտոնական Օգնություն {ODA} ՙՊարենային արտադրության աճ՚ 2KR դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը:
        Սահմանված ձևով նախապատրաստվել և Ճապոնական կողմին է հանձնվել ՙՊարենային արտադրության աճ՚ (2KR) ծրագիրը 2007 ֆինանսական տարում շարունակելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը (2KR-2007 դիմում-հայտը):
        Նախապատրաստվել է Ճապոնիայի կառավարության 8-րդ դրամաշնորհի (2KR-2005) շրջանակներում Տոկիոյում կայացած մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Մրցույթի արդյունքում 2007թ. հանրապետությունը կստանա 110 մլն իեն ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա և պարարտանյութ:
        Ճշգրտվել է ՉԺՀ-ի կառավարության 7,5 մլն յուան ծավալով անհատույց նվիրատվության հաշվին ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի անվանացանկը և նախապատրաստվել է պահանջվող հայտը: Ընթացքում են ՉԺՀ-ի հետ վարվող բանակ¬ցությունները 10 մլն յուան արժողությամբ սարքավորումների ներկրման վերաբերյալ: Կանոնակարգվել են ՉԺՀ-ի կառավարության նվիրատվության հաշվին ստացված 51 միավոր կոմբայնների ստացման, հավաքման և տնօրինման հարցերը:
        Համակարգվել է Հնդկաստանի կառավարության նվիրատվության հաշվին ստացված 300 միավոր տրակտորների ստացման, հավաքման և դրանց իրացման աշխատանքները:
        Կազմակերպված աճուրդ-վաճառքների ընթացքում իրացվել է 156 տրակտոր: Դրամաշնորհների տնօրինման արդյունքում գոյացած գումարը` շուրջ 440 մլն դրամ նպատակաուղվել է գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը: ՉԺՀ-ից և Հնդկաստանից ժամանած մասնագետների միջոցով կազմակերպվել է մասնագիտական ուսուցում: Շարունակվել են նաև բանակցությունները Հունաստանից, ԻԻՀ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինիայից, Բելառուսիայից ապրանքային ներդրումներ ստանալու ուղղությամբ:
        Առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը` տնտեսվարման ձևերի զարգացման, արտադրության ռիսկերի նվազեցման ուղղություններով: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և արտահանման համար։ Հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առկա խոչընդոտների վերացման և փոխառու ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման ուղղությամբ:
        Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսության այլ ճյուղերի առաջանցիկ զարգացման հետևանքով ագրոարդյունաբերական համակարգը, տեսակարար կշռի առումով, որոշ չափով զիջելու է իր դիրքերը, ինչը տնտեսության համընդհանուր զարգացման տեսանկյունից, անշուշտ, դրական երևույթ է: Ըստ կանխատեսումների` երկրի ՀՆԱ-ում ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը հեռանկարում կազմելու է 23-25 %, այդ թվում` գյուղատնտեսությունը՝ 15-17 %:
        Այս և նման հարցերը նախանշված են ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1826-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակում, որը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ԱՀԿ-ին անդամակցության բանակցություններում ստանձնած պարտավորություններին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը:


printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia