Գլխավոր էջ ->   Գյուղատնտեսությունը Հայաստանում ->   Ագրովերամշակում Նորություններ
Ագրովերամշակում

       Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավերտությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման առումով:
        Բավական է նշել, որ Հայաստանի ընդհանուր արդյունաբերության արդյունքի շուրջ 30%-ը ապահովում է ագրովերամշակող արդյունաբերությունը: Այս ցուցանիշին հասնելը հնարավոր է դարձել խորհրդային կարգերի փլուզմանը հաջորդած տնտեսության ընդհանուր ճգնաժամից դուրս գալուն ուղղված հետևողական և բազմածավալ աշխատանքների ու միջոցառումների շնորհիվ, ինչպիսիք էին մասնավորեցումը, օրենսդրական դաշտի բարելավումը, շուկայական ենթակառույցների ստեղծումն ու մեծածավալ ներդրումները:
        Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը բավականին բազմազան է, ունի արտահանման միտվածություն և ընդգրկում է սննդարդյունաբերության գրեթե բոլոր ոլորտները, որոնցից առավել մեծ ծավալներ են կազմում խաղողի, պտուղբանջարեղենի, կաթի և ծխախոտի վերամշակման ճյուղերը: Միաժամանակ նշված ոլորտներում տեղակայված արտադրական հզորությունները այդ ոլորտների զարգացման և արտադրության ծավալների ավելացման մեծ պոտենցիալ են պարունակում, քանի որ այսօրվա դրությամբ օգտագործվում են առկա արտադրական հզորությունների մինչև 50%-ը:
        Ագրովերամշակման ոլորտի կայուն զարգացումը շատ կարևոր է, քանի որ դրանից կախված զարգանում են նաև երկրի գյուղատնտեսության մյուս հիմնական ճյուղերը՝ բուսաբուծությունն ու անասնաբուծությունը:
        Ագրովերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները սկսել են երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններով աշխատել գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների հետ, ինչը աճեցրած գյուղ. հումքի իրացման, արտադրության ճիշտ կազմակերպման և արտադրության ծավալների ավելացման կայուն երաշխիք է տալիս նրանց:
        Հարկ է նշել, որ 2009թ. մթերվեց շուրջ 127.7 հազ. տոննա խաղող և 43.6 հազ. տոննա պտուղբանջարեղեն:
        Գյուղ. հումքի մթերումների և սննդամթերքի արտադրության ծավալների ավելացումը տեղի է ունենում նաև շուկայական հարաբերությունների ու մրցակցության խորացման, նոր ձեռնարկությունների ստեղծման, վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի որակի բարելավման և արտահանման ծավալների ավելացման շնորհիվ:
        Եթե ընդամենը 8-10 տարի առաջ աշխատում էին գյուղ. հումք վերամշակող ընդամենը 7 պահածոների, 12 գինեգործության և մի քանի կաթի ու մսի վերամշակման ընկերություններ, ապա այսօր գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված շուրջ 35 պահածոների, 43 գինեգործական, ավելի քան 275 կաթի, 75 մսի և 4 ծխախոտի վերամշակման ընկերություններ:
        Երկրի ագրովերամշակման ոլորտում շուկայական մրցակցության խորացումը, տեխնոլոգիական վերազինումը, որակի կառավարման համակարգերի ներդրումը և այլ միջոցառումների իրականացումը հնարավոր դարձավ մեծածավալ ներդրումների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և վարկային միջոցների ներգրավման շնորհիվ:
        Խոշոր ներդրումներից կարելի է նշել Լինսի հիմնադրամի կողմից շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլարը պահածոների արտադրության, Պեռնո Ռիկար ընկերության կողմից 30 մլն դոլարը՝ գինեգործության, 18 մլն դոլարը՝ Ֆրանսիական Կաստել ընկերության կողմից գարեջրի և հանքային ջրի արդյունաբերության, ավելի քան 10 մլն դոլարը՝ հայ-կանադական Գրանդ-Տոբակո, հայ-ռուսական Գրանդ-քենդի և հայ-հունական Մասիս-տոբակ ու Կոկա-կոլա ընկերություններում: Փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման գործում մեծ նպաստ են բերել նաև տարբեր միջազգային կառույցներ ու ֆինանսական հիմնադրամներ, ինչպիսիք են ԱՄՆ գյուղ. դեպարտամենտը, հայ-գերմանական վարկային միությունը, Միջազգային զարգացման գործակալությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը և այլն, որոնց գործունեության շնորհիվ միայն վերջին 3 տարիներին ստեղծվել կամ վերազինվել են պահածոների, գինեգործության, պանիրների, կաթնամթերքի ու մսամթերքի արտադրություններ, կաթի հավաքման կետեր, սպանդանոցներ և ալրաղաց ավելի քան 227 ՓՄՁ-եր:
        Ամբողջ գյուղատնտեսական արտահանման ծավալներում շուրջ 80%-ը կազմում են ալկոհոլային խմիչքները, իսկ դրանց կազմում շուրջ 95%-ը ստացվում է կոնյակից և բրենդիից: Բացի այդ արտահանվում են պտուղբանջարեղենային պահածոներ, բնական հյութեր, պանիրներ և սննդամթերքի բազմազան այլ տեսականիներ, որոնք իրենց որակական բարձր հատկանիշների շնորհիվ պոտենցիալ մեծ հնարավորություններ ունեն արտահանման ինչպես ծավալային աճի, այնպես էլ աշխարհագրության ընդլայնման առումով: Այսօր արտահանումը հիմնականում կատարվում է ԱՊՀ-ի անդամ երկրներ և հատկապես ՌԴ, իսկ ԱՄՆ-ի, Մերձավոր արևելքի և Եվրոմիության շուկաներ կատարվող արտահանումների ծավալները բավականին փոքր են և աճի լուրջ հեռանկարներ ունեն:
        Ընդհանուր առմամբ Հայաստանի ագրոպարենային ոլորտն իր դինամիկ զարգացմանը զուգընթաց ունի աճի հսկայական պոտենցիալ, որի իրագործման նպատակով այսօր պետության կողմից ստեղծվել են նպաստավոր պայմաններ ներդրումներ կատարելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, առևտրային և այլ բնույթի համագործակցության համար:
        Միաժամանակ մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ գործող օրենսդրությունն ու ստանդարտները ԱՀԿ-ի և Եվրոմիության ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու համար, որը ևս կնպաստի բարձրացնելու վստահությունը Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ և լրջորեն կխթանի արտահանման ծավալների ավելացմանն ու աշխարհագրության ընդլայնմանը:
        Մասնավորապես.
- 2007 թվականից սկսած գործում է ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚ ՀՀ նոր օրենքը, ընդունվել են ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚ ՀՀ օրենքից բխող և այդ ոլորտը կարգավորող մի շարք այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ մասնավորապես` ՙՊետական վերահսկողություն իրականացնելու ընթացքում փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանելու մասին՚, ՙՎտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին՚, ՙՎտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման ժամանակացույցը, ըստ արտադրության ոլորտների, սահմանելու մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագծերը և այլն:
- 2008 թվականից գործում են ՙԽաղողի հումքով ոգելից խմիչքների մասին՚ (ՀՕ-135-Ն) և ՙԱնասնակերի մասին՚ (ՀՕ-118-Ն), իսկ 2009 թվականից ՙՕրգանական գյուղատնտեսության մասին՚ (ՀՕ-23-Ն) ՀՀ օրենքները և դրանց կիրարկումն ապահովող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, մասնավորապես՝ ՙՀայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին՚, ՙՀայկական կոնյակի ու բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնացման կարգը սահմանելու մասին՚, ՙՀայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները և կարգը սահմանելու մասին՚, ՙՀայաստանի Հանրապետությունում արտադրված և ՀՀ ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին՚, ՙԽաղողի հումքով ոգելից խմիչքների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով պետական կառավարման լիազոր մարմիններ ճանաչելու մասին՚, ՙԱրտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը սահմանելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը հաստատելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանոթյան սերտիֆիկատի տրման կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ու օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը սահմանելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեռղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փախադրման և իրացման կարգը սահմանելու մասին՚, ՙՕրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողության, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը և տևողությունը սահմանելու մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագծերը և այլն:
        Ընթացիկ տարում կմշակվեն և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՕրգանական գյուղատնտեսության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքների, ինչպես նաև ՙԲրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին՚, ՙԹույլատրելի սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին՚, ՙԳինեգործական արտադրանքի թույլատրելի գինեգործական մեթոդներն ու մշակումները սահմանելու մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագծերը և այլն:


printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia