| Գյուղական ենթակառուցվածքների բարելավումը կառավարությունը դիտարկում է որպես գյուղական աղքատության մեղմացման հիմնական տարր: Ոռոգման համակարգի զարգացումը և համայնքային ճանապարհների բարելավումը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում` նաև առաջիկա տարիներին:
Կառավարությունը աշխատանքներ է իրականացրել գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման եւ բնական աղետների հետևանքների մեղմացման ուղղությամբ: Կարևորվել է հակակարկտային ծառայության վերականգնումը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, և այսօր Արագածոտնի մարզում տեղադրված են 15 հակակարկտային կայանքներ:
2004 թվականին հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացման և համալրման նպատակով շարունակվել է նոր տեխնիկայի ձեռքբերումը։ Մասնավորապես, ճապոնական դրամաշնորհի հաշվին 2005թ. ներկրվել է 2550 տոննա ազոտական պարարտանյութ, 39 միավոր տրակտոր՝ գյուղատնտեսական գործիքներիով։ Միաժամանակ, բարեգործական ծրագրի շրջանակներում հանրապետություն են ներկրվել 51 միավոր տրակտոր, գյուղատնտեսական գործիքներ ու պահեստամասեր, որոնք աճուրդային կարգով իրացվել են գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին:
Առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը` տնտեսվարման ձևերի զարգացման, արտադրության ռիսկերի նվազեցման ուղղություններով: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և արտահանման համար։ Հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առկա խոչընդոտների վերացման և փոխառու ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման ուղղությամբ:
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, տնտեսության այլ ճյուղերի առաջանցիկ զարգացման հետևանքով ագրոարդյունաբերական համակարգը, տեսակարար կշռի առումով, որոշ չափով զիջելու է իր դիրքերը, ինչը տնտեսության համընդհանուր զարգացման տեսանկյունից, անշուշտ, դրական երևույթ է: Ըստ կանխատեսումների` երկրի ՀՆԱ-ում ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը հեռանկարում կազմելու է 23-25 %, այդ թվում` գյուղատնտեսությունը՝ 15-17 %:
Այս և նման հարցերը նախանշված են ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 682-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունում, որը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ԱՀԿ-ին անդամակցության բանակցություններում ստանձնած պարտավորություններին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը:
|