Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գիտակրթական և խորհրդատվական համակարգը
Գիտության ոլորտ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գիտական կենտրոննների կողմից ստեղծվել են ցորենի, գարու, բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի, խաղողի և պտղատուների բազմաթիվ սորտեր, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հայրենական ցեղեր` տավարի ՙԿովկասյան գորշ՚, խոզերի ՙՀայկական մսային՚, ոչխարների ՙՀայկական կիսակոպտաբուրդ՚, ճագարների ՙՀայկական մարդեր՚ և հավերի ՙԵրևանյան՚ ցեղերը:
Վերջին տարիներին հայ սելեկցիոների ջանքերով ստեղծվել են աշնանացան ցորենի ՙԱրմսիմ՚, ՙՎիկտորիա՚, Ախթամար, Նաիրի 68, աշնանացան գարու Սասուն, Ուտիք-2, Մուշ, առվույտի Ուրարտու 85 և կորնգանի Ախուրյան 107, սոյայի Վաղարշապատի-1, Վաղարշապատի-2, Կոտայքի-3 և Կոտայքի-4, լոլիկի` ՙՀաղթանակ՚, ՙՍվետլանա՚, ՙԼիա՚, ՙԱռաքել՚, ՙՀայկական ջերմատնային՚ սորտերը, ինչպես նաև վարունգի, պղպեղի, ծխախոտի և մի շարք այլ մշակաբույսերի բարձր բերքատու նոր սորտեր: Աշնանացան ցորենի բարձր ցրտադիմացկունությամբ և չորադիմացկունությամբ օժտված Ախթամար և Նաիրի 68 սորտերը փորձարկվել և ներդրվել են Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի և Գեղարքունիքի մարզի անջրդի պայմաններում: Միջին բերքատվությունը կազմել է 32-35 ց/հա:
Սյունիքի մարզի պայմաններում կազմակերպվել է սիսեռի Սիսիան, Հացավան, Ալինա և Լիլիթ սորտերի սերմնաբուծությունը: Նշված սորտերը բավականին չորադիմացկուն են և ապահովում են 25-27 ց/հա միջին բերք:
Եգիպտացորենի դաշտերի մոլախոտերի ոչնչացման նպատակով փորձարկվել են տարբեր հերբիցիդներ` ռաունդապ, էրադիկան 6 E, ստոմպ, դուալ գոլդ, խարնես, գեզագարդ, կրուգ, դիալեն սուպեր: Խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու համար օգտագործվել են բիտօքսիբացիլին, լեպիդոցիդ, ինսեգար պատրաստուկները: Ուսումնասիրվել է պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և վարունգի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի արդյու¬նավետությունը նոր պատրաստուկների օգտագործմամբ, որոնք ապահովում են մինչև 95 % կենսաբանական արդյունավետություն: Խաղողի վնասատուների դեմ և հիվանդությունների բուժման համար օգտագործվել են նոր բարձր արդյունավետություն ունեցող դեցիս պրոֆի և կվադրիս պատրաստուկները, իսկ խնձորի համալիր վնասատուների և հիվանդությունների դեմ փորձարկվել են բայկոր, խորուս և դեցիս պրոֆի պատրաստուկները: Իրականացվել է խաղողի տարբեր զուգակցումներով 15 նոր խաչասերումներ, հայտնաբերվել, ուսումնասիրվել և բազմացվել են խաղողի աբորիգեն մի շարք արժեքավոր սորտերի կլոններ, այդ թվում Դեղին և Վարդագույն Երևանիների, Իծապտուկի, Ոսկեհատի, Մսխալիի և այլն: Նոր արմատակարգավորիչների (մելանին, ազոտովիտ) օգտագործմամբ ստացվել է խաղողի և պտղատու բույսերի մաքրասորտ տնկանյութ: Կատարվել է խաղողի կոլեկցիոն այգու հիմնում` 2 հա-ի և սալորենու նոր այգու հիմնում` 0,5 հա-ի վրա:
Մշակվել են բուրավետացված գինիների և խաղողի նոր սելեկցիոն մուսկատային սորտերից աղանդերային գինիների պատրաստման, ինչպես նաև բուսական հումքից սննդարդյունաբերության բնագավառի համար կիսաֆաբրիկատների և անասնապահության համար համակցված կերերի ստացման նոր տեխնոլոգիաներ:
Բանջարաբոստանային հիմնական մշակաբույսերի նոր մրցունակ, դիմացկուն, բարձր բերքատու, պտուղների որակական բարձր ցուցանիշներով օժտված հիբրիդների և սորտերի ստացման նպատակով սելեկցիոն աշխատանքների արդյունքում հետազոտվել է 525 սորտանմուշ, պետական փորձարկման են ներկայացվել 20 նոր հեռանկարային սորտեր և հիբրիդներ, ստացված 24 նոր սորտեր և հիբրիդներ (լոլիկի` Հայաստանի հրաշք, Ժաննա, Անահիտ 351, տաքդեղի` Զսպանակ, Կոն, Միլի, Զմրուխտ, վարունգի` Սիս, Մանե, Զովասփյուռ, բադրիջանի` Մինիմիս, Սև մարգարիտ, Աստղաբույլ և այլն) ընդգրկվել են ՙՀՀ տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրված՚ գյուղատնտեսական մշակաբույսերի ցուցակում, կատարվել են գենոֆոնդի մեջ ընդգրկված 198 սորտերի սորտաթարմացման աշխատանքներ: Արտադրվել է 300 կգ սուպերէլիտային և էլիտային սերմեր, այդ թվում` լոլիկի` 65,1 կգ, բադրիջանի` 78 կգ, տաքդեղի` 41 կգ, վարունգի` 26,2 կգ, ոչ ավանդական մշակաբույսերի` 1,14 կգ և այլ մշակաբույսերի` 75,9 կգ սերմեր, սելեկցիայի նպատակով ստացվել է 1,7 կգ սերմ: Իրացվել է 326 հազար հա սածիլ:
ՙԱրմպրոդէքսպո 2008՚ միջազգային ցուցահանդեսում ՙԲանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ը ներկայացրել է պահածոների շուրջ 40 տեսականի: ՙԽաղողապտղագինեգործության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ում ստացված ՙՄուսկատ ոսկեգույն՚, ՙՄուսկատ սպիտակ՚, ՙՍուտակի՚ գինիները և ՙԾիրանի օղին՚ արժանացել են ոսկե մեդալների, ՙԳիշերային հանգիստ՚ լիկյորը` բրոնզե մեդալի, իսկ ՙԶովունի՚ և ՙՆորք՚ գինիները` պատվավոր դիպլոմների:
Հանարպետությունում հողերի դեգրադացման երևույթները կանխելու նպատակով իրականացվել է դեգրադացված հողերի քարտեզագրումը և համալիր միջոցառումների համակարգի մշակումը:
ICARDA-ի աջակցությամբ ՙԱգրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ում ստեղծվել է բույսերի գենետիկական ռեսուրսների բանկ, որտեղ ներկայումս պահպանվում են շուրջ 2000 սորտերի սերմերի նմուշներ:
Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների առավել վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, ախտորոշելու և բուժելու համար մշակվել են պայքարի նոր մեթոդներ, փորձարկվել նոր պատվաստուկներ: Մասնավորապես, լեյկոզ հիվանդության բուժման համար փորձարկվել է ակադեմիկոս Ա.Գալոյանի կողմից սինթեզված պրոլին հորմոնը և ստացվել են դրական արդյունքներ: Միաժամանակ ստացվել է արտոնագիր խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի բուժման և կանխարգելման համար:
Գիտական կենտրոնները հաջողությամբ համագործակցում են Միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատվական խմբի կատարող միջազգային մի շարք կենտրոնների հետ (ԻԿԱՐԴԱ, ՍԻՄՄԻՏ, ՍԻՊ, ԻՊԳՐԻ, Բայովերսիտի Ինթերնեյշնլ ԻՖՊՐԻ, ԱՎՐԴՑ):
1.ՙԵրկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ
Հիմնական ուղղություններն են` ավանդական տեխնոլոգիաների կատարելագործում, նոր տեխնոլոգիաների մշակում, հացազգի մշակաբույսերի նոր բերքատու սորտերի ստացում և ներդրում:
2. ՙԽաղողապտղագինեգործության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ
Հիմնական ուղղություններն են` խաղողագործության, պտղաբուծության և գինեգործության ուղղությամբ հիմնարար աշխատանքները: Դրանք են` ուսումնասիրվող սորտերի սելեկցիա, ագրոտեխնիկա, բույսերի պաշտպանություն, բազմամյա տնկարկների պարարտացում, աշխատանքի մեքենայացում:
Կատարվում են խաղողի այգիների վերականգնման աշխատանքներ, ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ` տեղական և նոր սելեկցիոն սորտերից բարձրորակ գինիների ստացման համար:
3. ՙԲանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ
Հիմնական ուղղություններն են` նոր սորտերի և հիբրիդների ստացում, առաջնային սերմնաբուծության կազմակերպում, մշակության տեխնոլոգիաների կատարելագործում:
Հիմնական հետազոտությունները կատարվում են սելեկցիայի, սերմնաբուծության, մշակության տեխնոլոգիաների, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ուղղությամբ:
4. ՙՀողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ
Հիմնական ուղղություններն են` հողերի քարտեզագրում, դասակարգում, նոր տեխնոլոգիաների մշակում և կատարելագործում, պարարտացման համակարգի մշակում:
Հիմնական հետազոտությունները տարվում են կիրառական հողագիտության, ագրոքիմիայի, մելիորացիայի, անապատացման և հողերի էրոզիայի դեմ պայքարի ուղղությամբ:
5. ՙԱնասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ
Հիմնական ուղղություններն են` գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու նոր ցեղեր-տիպերի, ցեղային խմբերի և խառնացեղ կենդանիների հոտերի ստեղծում, տոհմամթերատու հատկություների կատարելագործում, վարակիչ և ինվազիոն հիվանդությունների ուսումնասիրում, պայքարի առավել արդյունավետ միջոցների և եղանակների որոնում, հիվանդությունների կանխարգելում:
6. ՙԱգրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ Հիմնական ուղղություններն են` գյուղատնտեսական մշակաբույսերի կենսատեխնոլոգիական մեթոդով բազմացման տեխնոլոգիաների մշակումը:
7. ՙՏեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան՚ ՊՓԲԸ
Հիմնական ուղղություններն են` ծխախոտի, սոյայի, կտավատի նոր սորտերի ստացումը, դրանց աճեցման արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, սերմնարտադրության կազմակերպումը:
Խորհրդատվության ոլորտ Ագրարային ոլորտի նորություններին, ԳԱՄԿ-երի գործունեությանը հասարակությանը ծանոթացնելու նպատակով օգտագործվում են տեղական և հանրապետական մամուլը: Ավելի կարևոր տեղեկատվական նյութերը հեռարձակվում են նաև Հայաստանի Հանրային ռադիոյի ՙԼուրեր՚ ծրագրով, Հանրային հեռուստատեսության ՙՀայլուր՚, Հ2-ի ՙԼրաբեր՚ ծրագրերով և ՙԱգրո-TV՚-ով:
Զգալի են համագործակցության շրջանակներում արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (FAO), ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի, ՄԱԿ-ի Պարենի, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), IREX-ի, Քաունթեր փարթ ինթերնեյշնլի (CPI), ՙԵվրասիա՚ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունների կողմից ֆինանսավորմամբ ԳԱՄԿ-երի կողմից իրականացված ծրագրերը լուսաբանող նյութերն ու հարցազրույցները: ԳԱՄԿ-երը համագործակցել են նաև վերամշակող ձեռնարկությունների, միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ, օրինակ` ՙԿանաչ արահետ՚, ՙՇեն՚, ՙԷկո-Գլոբ՚, ՙՀայաստանի կանայք հանուն առողջության՚, ATG-ի, FAO-ի, UMCOR-ի, USDA-ի, CARD-ի, ՙՅունեսկոյի՚, ինչպես նաև պատանեկան ակումբների և գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների հետ:
ՀՀ 2008թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ՙԳյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի ֆինանսավորում՚ ծրագրի շրջանակներում ԳԱՄԿ-երի կողմից 916 համայնքներում անցկացվել են մոտ 2200 սեմինարներ, որոնց մասնակցել է մոտ 41 հազար մարդ, կազմակերպվել են 80 հեռուստահաղորդումներ, տպագրվել են 3250 տպաքանակով խորհրդատվական գրքույկներ, իրականացվել են նաև շուրջ 2000 մարքեթինգային միջնորդություններ և այլն: 2008թ. ԳԱՄԿ-երի կողմից անմիջապես ֆերմերային տնտեսություններում իրականացվել է ՙԱգրարային տեխնոլոգիաների գնահատման՚ 40 ծրագիր և, որպես ծրագրերի հետազոտողներ, ընդգրկվել են 30 գիտնականներ:
ՙԳյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՚ ՓԲԸ-ն 2008թ. աշխատանքային ծրագրի շրջանակներում հանրապետության մարզերում իրականացրել է ագրարային տեխնոլոգիաների գնահատման, ուսուցման, լրատվության կազմակերպման, խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ:
2009թ. նախատեսված է շարունակել տեխնոլոգիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև գյուղական վայրերի բնակչությանը մատուցել գյուղատնտեսության ոլորտին վերաբերվող խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ-եր) և հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների միջոցով:
Գյուղատնտեսական խորհրդատվական և տեղեկատվական համակարգում գործում է ՙԳյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՚ (ԳԱՀԿ) ՊՓԲԸ և ՙԳյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն՚ (ԳԱՄԿ) ՊՓԲԸ-ներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է մասնագիտական խորհրդատվության, փորձացուցադրության և տեղեկատվության տարածման, իրազեկման միջոցով մարզերի գյուղացիական տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը:
Գիտելիքների տարածման նպատակով տպագրվել են 30 անվանումով խորհրդատվական թերթիկներ: ԳԱՄԿ-երի մասնագետների վերապատրաստման նպատակով կազմակերպվել են մի շարք սեմինարներ:
Կրթության ոլորտ
Ագրարային ոլորտի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում են համալիր միջոցառումներ, որոնք բխում են երկրի ընդհանուր կրթական քաղաքականության, սոցիալտնտեսական զարգացման ազգային ծրագրի և ագրարային ոլորտի գերակայությունների պահանջներից;
Քոլեջներում ուսուցման իրականացման նպատակն է շուկայական հարաբերությունների պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել հանրապետության սերմնաբուծական և տոհմային տնտեսությունների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների, բանկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների համար, ագրոպարենային համակարգի ձեռնարկություններին ապահովել արտադրության վարպետներով, արհեստավորներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործում են 10 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ քոլեջներ
1. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ.Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
2.Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ
3.Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
4.Ստեփանավանի պրոֆեսոր Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
5.Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ
6.Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ
7.Շիրակի ակադեմիկոս Մ.Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
8.Արմավիրի Ս.Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
9.Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
10.Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
Հինգ քոլեջներում (Մասիսի, Գորիսի, Ստեփանավանի, Գավառի և Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջներ) իրականացվում է նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն:
Հանրապետության 7 մարզերում (Կոտայք, Արարատ, Արմավիր, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք) և Երևան քաղաքում գործող քոլեջները հնարավորություն են տալիս արդյունավետ կազմակերպել տվյալ տարածաշրջանի արտադրատնտեսական և տեխնոլոգիական առանձնահատկություններին համապատասխան միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացը:
Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը իրականացվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ուսուցմամբ:
Քոլեջները միջին մասնագիտական և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթությամբ կադրեր են պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ներկայումս գյուղատնտեսական քոլեջներում սովորում են միջին մասնագիտական կրթությամբ 2862 (առկա և հեռակա ուսուցմամբ) և նախնական մասնագիտական /արհեստագործական կրթությամբ 234 ուսանողներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միջին մասնագիտական կրթության բնագավառում համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
Համաձայն ՀՀ կառավարության ՙՄիջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու մասին՚ որոշման՝ քոլեջների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները տեղափոխվում են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ: