| 1990-ական թվականներին տեղի ունեցած մեծածավալ ծառահատումների արդյունքում անտառածածկ տարածքների կրճատումից բացի, տեղի են ունեցել անտառային էկոհամակարգերի դեգրադացիա, էրոզիոն պրոցեսներ, անտառային կենսաբազմազանության նվազում, ծառատեսակային կազմի անցանկալի փոփոխություն՝ բարձրարժեք հաճարի, սոճու, կաղնու ծառուտները փոխարինվում են ցածր արդյունավետության ծառուտներով և այլ բացասական երևույթներ:
Հաշվի առնելով վերը նշված բացասական երևույթները` 2000-2009թթ. անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ են իրականացվել 33853 հա ընդհանուր տարածության վրա: Հարկ է նշել, որ ընդհանուր ծավալի 90% -ը իրականացվել է 2004-2009 թթ. ընթացքում:
Անտառվերականգնում
2000-2009 թթ. ընթացքում տնկման և ցանքսի աշխատանքների ծավալը կազմում է 4153 հա, որոնց արդյունավետությունը կազմում է շուրջ 65%:
Էներգետիկ ճգնաժամի տարիներին ծառահատված տարածքներում իրականացվել են բնական վերաճի օժանդակման մեծածավալ աշխատանքներ 29680 հա ընդհանուր տարածության վրա, այդ թվում բնաշիվային վերաճի օժանդակում (կոճղաշիվերի ձևավորում)` 7830 հա, բնական վերաճի օժանդակում հողի հանքայնացման եղանակով (նպաստում սերմերի ծլունակությանը)` 7820 հա տարածության վրա և բնական վերաճի օժանդակում ցանկապատման եղանակով (մատղաշի պահպանում) շուրջ 14030 հա տարածության վրա:
Վերը նշված իրականացված անտառվերականգնման միջոցառումների արդյունավետությունը ակնհայտ է, քանի որ նախկինում համատարած հատված անտառային տարածքները աստիճանաբար վերածվում են անտառների:
2009թ. տարբեր ծրագրերի հաշվին իրականացվել են անտառապատման աշխատանքներ 453 հա տարածքում, այդ թվում` Ճապոնիայի կառավարության ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին 325 հա, ՙԿլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում անտառների պահպանության, կառավարման և վերականգնման միջոցով՚ ծրագրով (WWF) 100 հա, Գյումրի քաղաքի ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի շրջակայքի անտառապատման ծրագրով 18 հա, ՙԿլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում՚ ծրագրով 10 հա: Հիմնադրված անտառմշակույթների պահպանության նպատակով կառուցվել է ցանկապատ 28 կմ:
Անտառպահպանություն
Անտառների պահպանության բնագավառում իրականացվել են անտառային պահաբաժինների գարնանային և աշնանային ստուգումներ: Հաշվառվել են ապօրինի հատված 1214 ծառերի կողեր` 1073,48խտ.մ3 ծավալով, որոնցից անտառխախտման արձանագրություններով ձևակերպված են 946-ը` 1027,17խտ.մ3 ծավալով:
2008թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերի կողմից կազմվել է 204 անտառխախտմանների արձանագրություններ, որոնցից 191-ը` ապօրինի ծառահատումների, 1-ը` որսի կանոնների և ժամկետների խախտման, 7-ը` 2289 գլուխ անասունների արածեցման և 5 արձանագրություն` 0,755 հա հողազավթման վերաբերյալ: Կազմված բոլոր արձանագրություններից 162-ը ուղարկվել են մարզի տարածքային բնապահպանական պետական տեսչություններ, իսկ 42-ը` ոստիկանության տարածքային բաժիններ:
Անտառպաշտպանություն
Անտառների պաշտպանության բնագավառում 2009թ. 4958 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ ՙԿռալ՚ և ՙԲայլետոն՚ տիպի թունաքիմիկատներով, այդ թվում` Տավուշի մարզում 2200 հա և Լոռու մարզում 2758 հա:
|